Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադան Հայաստանում

33-րդ

ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՕԼԻՄՊԻԱԴԱ
2022

Օրեր՝ հուլիսի 10 (կիր) - հուլիսի 18 (երկ), 2022 թ.
Անցկացման վայր՝ Երևանի պետական համալսարան

Բարի գալուստ Երևան՝

հնագույն քաղաքներից մեկն աշխարհում

 

Էրեբունի-Երևանը 2803 տարեկան է: Երևանը հիմնադրվել է նույնիսկ «հավերժական քաղաքից»՝ Հռոմից առաջ և հանդիսանում է Բաբելոնի ու ասորական Նինվեի հասակակիցը:

Պահպանված պատմական արձանագրությունները հնարավորություն են տվել գիտնականներին հստակեցնելու Երևանի ծննդյան տարեթիվը` մ. թ. ա. 782թ:

782 թվականին ուրարտական թագավոր Արգիշտի I-ը հիմնել է Էրեբունի բերդաքաղաքը՝ ներկայիս Երևանը, որը դարձել է երկրի կարևորագույն վարչական և տնտեսական կենտրոններից մեկը։ Էրեբունու հիմնադրման տարեթիվը ստույգ հայտնի է քարե սալիկի վրա պահպանված սեպագիր արձանագրությունից։ Այնտեղ ասվում է. «Խալդի Աստծո մեծությամբ Մենուա թագավորի որդի Արգիշտին կառուցել է այս անառիկ ամրոցը և այն անվանել Էրեբունի…» Երևան անվանումը առաջացել է Էրեբունի ամրոցի անունից։

 

 

Երևանը արդյունաբերական խոշոր քաղաք է, Հայաստանի Հանրապետության հասարակական, քաղաքական և մշակութային կյանքի կենտրոնը։

 

Երևանը կառուցապատված է բազալտով, գրանիտով, մարմարով: Ամենատարածված շինանյութը վարդագույն տուֆն է: Եվ քանի որ այդ շինանյութն ինքնատիպ գունագեղություն ու առանձնահատուկ երանգ է տալիս քաղաքին, Երևանն անվանվում է նաև «Վարդագույն քաղաք»:

 

Երևանում կան բազմաթիվ ճարտարապետական ​​կոթողներ։ Ճարտարապետության բարձր մակարդակը բնորոշ է ոչ միայն հասարակական և մշակութային շինություններին, այլ նաև արդյունաբերական որոշ ձեռնարկություններին, Երևանի բազմաթիվ բնակելի շենքերին։

 

Երևանը վերակառուցվել է 1920-ականների կեսերին հայ անվանի ճարտարապետ, ճարտարապետության ակադեմիկոս, հայ նոր ճարտարապետության հիմնադիր Ալեքսանդր Թամանյանի մշակած գլխավոր հատակագծի համաձայն։ Ա. Թամանյանի գաղափարները հաշվի են առնվել Երևանի զարգացման հետագա գլխավոր ծրագրերում։ Ա. Թամանյանի հատակագծի համաձայն՝ Երևանի կենտրոնական հատվածը պետք է ունենար շրջանաձև հատակագիծ, պահպանվեին Երևանի հին շենքերը (19-րդ դ.) և գործող գլխավոր փողոցները, իսկ կենտրոնը լիներ Հանրապետության հրապարակը։ Ա. Թամանյանի նախագծով հրապարակում կառուցվեց Կառավարական տունը, որը ամբողջացրեց հրապարակի ճարտարապետական ​​տեսքը։

 

Ա. Թամանյանի նախագծով Երևանում կառուցվել են մի շարք շինություններ, որոնց թվում առաջին հերթին պետք է նշել Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը։ Ճարտարապետը նախագծել է շենքը որպես երկու մեծ դահլիճներով (օպերայի դահլիճ և համերգասրահ) կառույց։ Օպերային մասն ավարտվել է 1939 թվականին, համերգային մասը (Ա. Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիկ մեծ դահլիճ)՝ 1963 թվականին։

Օպերայի և բալետի թատրոնի վեհաշուք շենքը գտնվում է Ազատության հրապարակում։

 

 

Ա. Թամանյանի կողմից Երևանի զարգացման գլխավոր հատակագծով մայրաքաղաքի հյուսիսային հատվածը հատկացվել է ուսանողական գոտուն։ Երևանի այս հատվածում կառուցված են պետական բուհեր։ Երևանի պետական համալսարանը (ճարտարապետ՝ Է. Տիգրանյան) գտնվում է այս հատվածին շատ մոտ (Չարենց և Ալեք Մանուկյան փողոցների միջև):

 

Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրն առանձնանում է իր ինքնատիպ ճարտարապետությամբ։

Համալիրն ունի երկու սրահ՝ մեծ և փոքր:

Սրահներում ընդհանուր առմամբ հնարավոր է տեղավորել 10 հազար հանդիսատես։

Ընդարձակ նախասրահը, որն առանձնանում է ինտերիերի նրբագեղությամբ, կարելի է օգտագործել տարբեր տոնակատարությունների համար։

Երկու կողմում կառուցված սանդուղքները տանում են դեպի համալիրի գլխավոր մուտք, իսկ սանդուղքների միջև կառուցված շատրվանները առանձնահատուկ հանդիսավորություն են հաղորդում շենքին։

 

 

Հայաստանում կառուցված է ավելի քան 4000 վանք և եկեղեցի, որոնցից 16-ը՝ Երևանում: 301 թվականին Հայաստանը դարձավ աշխարհում առաջին պետությունը, որը պաշտոնապես ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն։  Ի հիշատակ պատմության այս չափազանց կարևոր իրադարձության՝ հայ ժողովուրդը 2001 թվականին քրիստոնեության ընունման 1700-րդ ամյակի առթիվ կառուցեց Հայ առաքելական եկեղեցու առաջին կաթողիկոս Սուրբ Գրիգոր Լուսավորչի անունը կրող մայր եկեղեցին:

 

 

Այսօր դժվար է պատկերացնել մայրաքաղաքի ճարտարապետական տեսքն առանց Երևանի մետրոպոլիտենի կայարանների։ Քաղաքի կենտրոնում կառուցված կայարաններից առանձնանում են «Հանրապետության հրապարակ» և «Երիտասարդական» կայարանները։ «Հանրապետության հրապարակ» կայարանի վերգետնյա մասում բակն է, որի կենտրոնում կա շատրվան։ Ճարտարապետական լուծումների ինքնատիպությամբ առանձնանում է «Երիտասարդական» կայարանի ստորգետնյա տաղավարը:

 

Հայաստանի պատմության թանգարանը Հայաստանի ամենահին թանգարանային հաստատությունն է, որը հիմնադրվել է 1921 թվականին։ Թանգարանը ներկայացնում է Հայաստանի մշակույթի և պատմության ամբողջական պատկերը՝ նախապատմական ժամանակներից՝ մեկ միլիոն տարի առաջ, մինչև մեր օրերը։ Թանգարանում պահպանվում է շուրջ 400 000 առարկայից բաղկացած ազգային հավաքածու հետևյալ բաժիններով. հնագիտություն, ազգագրություն, դրամագիտություն, վավերագրեր։ Ներկայացված են տարբեր դարաշրջանների պեղումների ժամանակ հայտնաբերված առարկաներ՝ նախնադարյան մարդու գործիքներ, Ուրարտուի և հայկական այլ թագավորությունների ժամանակների զենքեր ու սպասք, Հայաստանի պատմական տարբեր շրջանների քանդակներ, ոսկերչական իրեր և արհեստագործական իրեր։ Հայաստանի նոր և նորագույն պատմությանը նվիրված սրահներում ներկայացված են փաստաթղթեր, արդյունաբերական արտադրանքի նմուշներ, պետականաշինությանը, Հայաստանի սոցիալ-տնտեսական և մշակութային զարգացմանը վերաբերող տարբեր նյութեր։ Թանգարանը կազմակերպում է նաև թեմատիկ ցուցադրություններ՝ նվիրված Հայաստանի պատմության և մշակույթի նշանակալի օրերին։

Հայաստանի ազգային պատկերասրահը երկրի խոշորագույն թանգարանն է։ Պատկերասրահում ցուցադրվում են հայ, ֆրանսիացի, հոլանդացի, իտալացի, գերմանացի և ռուս նկարիչների գործերը:

 

 

 

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը հիմնադրվել է 1968թ. հոկտեմբերի 19-ին՝ Երևան քաղաքի 2750-րդ տարեդարձի առթիվ: Թանգարանը կառուցված է մայրաքաղաքի հարավ-արևելյան մասում՝ Արին-Բերդ բլրի ստորոտին, որի գագաթին գտնվում էր ուրարտական Էրեբունի ամրոցը։ Էրեբունի թանգարանում ցուցադրվում են ուրարտական դարաշրջանին առնչվող ցուցանմուշներ՝ զենքեր, զրահներ, սեպագրերի նմուշներ։ Այն հանդիսանում է հանրության համար այցելելի միակ հնագիտական արգելոց-թանգարանը Երևան քաղաքում և կարևոր ուրարտագիտական կենտրոն տարածաշրջանում։

 

Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը ձեռագրերի պահպանման աշխարհի ամենահարուստ կենտրոններից մեկն է։ Մատենադարանն ունի ձեռագրերի և միջնադարյան գրքերի աշխարհի ամենախոշոր հավաքածուներից մեկը։ Այստեղ պահպանվում են շուրջ 23000 ձեռագրեր, հմայիլներ, պատառիկներ։ Մատենադարանում ներկայացված են 5-6-րդ դարերի հնագույն ձեռագրերի հատվածներ, աստվածաշնչյան ձեռագրեր, պատմական աշխատություններ, աստվածաբանական և փիլիսոփայական տրակտատներ, բնագիտական ​​աշխատություններ և այլն: Հավաքածուները թույլ են տալիս ծանոթանալ նաև հայ մանրանկարչության հետ: Մատենադարանի շենքի դիմաց վեր է խոյանում հայ գրերի ստեղծող Սուրբ Մեսրոպ Մաշտոցի արձանը: Գլխավոր մուտքի երկու կողմերում կանգնեցված են միջնադարյան հայ մշակույթի ականավոր գործիչների՝ պատմիչ Մովսես Խորենացու, մաթեմատիկոս Անանիա Շիրակացու, բանաստեղծ Ֆրիկի, իրավաբան Մխիթար Գոշի, փիլիսոփա Գրիգոր Տաթևացու, նկարիչ Թորոս Ռոսլինի արձանները։ Մատենադարանի շենքի ներսում պատկերված են Հայաստանի պատմությունը ներկայացնող խճանկարներ և որմնանկարներ, որոնց հեղինակը նկարիչ Վան Խաչատուրն է։

 

 

Կասկադը ճարտարապետական-կոթողային համալիր է։ Համալիրում գտնվում են ցուցասրահներ, շատրվաններ, ծաղկանոցներ և հարթաքանդակներ։