Հայաստանի բուսական աշխարհը հարուստ է և առանձնահատուկ և աչքի է ընկնում համակեցությունների ու բուսատեսակների արտահայտված բազմազանությամբ, ինչը տարածքի աշխարհագրական նպաստավոր դիրքի արդյունք է։
Ստորև ներկայացված են հայկական բուսական աշխարհի այն տեսակները, որոնք իրենց անուններում ներառում են «արմեն» և «հայաստան» արմատները, ինչպես նաև հայկական այլ տեղանուններ։
Պրունուս արմենիական կամ հայկական ծիրանը Հայաստանում ամենաշատ մշակվող տեսակներից է: Հայաստանում այս ծիրանի 6000 տարվա պատմություն ունեցող սերմերը հայտնաբերվել են Գառնի տաճարի և Շենգավիթ բնակավայրի հնագիտական պեղումների ժամանակ: Ծիրանի ծառը օգտագործվում է փայտե փորագրություններ պատրաստելու համար, օրինակ՝ դուդուկ, որը Հայաստանում տարածված փողային գործիք է: Ծիրանագույնը Հայաստանի Հանրապետության դրոշի երեք գույներից մեկն է:
Հայկական շուշանը մինչև 100-110 սմ բարձրությամբ խոշոր, գեղեցիկ սոխարմատավոր բազմամյա ծաղկաբույս է։ Արմատները կարճ են, սովորաբար դասավորված երկու շարահարկով, 10-25 սմ խորության վրա։ Ցողունը խոտային է, ծաղկաբույլը` հուրանաձև, ծաղիկները` խոշոր, ոսկեդեղին։ Տերևները հերթադիր են, նշտարաձև։ Պտուղը բազմասերմ տուփիկ է։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։
Հայկական հաղարջենին կոկռոշազգիների ընտանիքի, հաղարջենի ցեղի ծածկասերմ բույս է: Տերևաթափ թուփ է, մինչև 1 մ բարձրությամբ և ճյուղերի մուգ գորշավուն կեղևով։ Տերևները խոշոր են, սովորաբար 5 սմ-ից լայն, հիմքում՝ սրտաձև, ոչ լրիվ հնգաբլթակ (բլթակները եռանկյուն են), խոշոր ատամնաեզր։ Տերևի ներքևի կողմը, տերևակոթունը և երիտասարդ ընձյուղները ծածկված են դեղին, կետանման, բուրումնավետ գեղձերով։ Վերևի կողմից տերևները մերկ են։ Ծաղկաբույլերը կազմված են 4-9 կապտակարմրավուն կամ վարդամոխրագույն, երբեմն կանաչավուն ծաղիկներից։ Հատապտուղները սև են, մերկ, գտնվում են 0,6-1 սմ երկարության պտղակոթունների վրա։ Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտուղները հասունանում են հուլիսին։ Ծաղկաթափը արագ է կատարվում։ Վտանգված և Հայաստանի էնդեմիկ տեսակ է:
Հայկական սրոհունդը սրոհունդազգիների ընտանքին պատկանող ծածկասերմ բույս է, որը ներկայումս դասվում է կրիտիկական վիճակում գտնվող տեսակների շարքին և գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում: Բազմամյա, 7-10, երբեմն՝ 15 սմ բարձրությամբ ցածրահասակ բույս է: Տերևները ձվաձև-էլիպսաձև են, ամբողջաեզր, ցողունի վրա հակադիր դասավորված: Ծաղկաբույլը համարյա նստադիր եզրային ճյուղերով է: 5 բաժակաթերթերը հիմքում միաձուլված են, եզրերից միաշարք, խիտ դասավորված գեղձերով: Պսակաթերթերը դեղին են, եզրերից սև գույնի միաշարք գեղձերով: Բազմաթիվ մանր սերմերով պտուղը ձվաձև տուփիկ է: Աճում է վերին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 2000-2200 մ բարձրությունների վրա, ժայռոտ տեղերում և ժայռաճեղքերում: Ծաղկում է հունիսին, պտղաբերում՝ հուլիսին:
Տղաբերուկը կաղամբազգիների (խաչածաղկավորներ) ընտանիքի միամյա, բազմամյա խոտաբույսերի կամ կիսաթփերի ցեղ է։ Հայտնի է մոտ 60 տեսակ։ Աճում է չոր, քարքարոտ լանջերին, հաճախ՝ կրաքարային ժայռերում։ Ցողունը խիտ կամ նոսր ճյուղավորվող է, բարձրությունը՝ 40 (70) սմ։ Տերևներն ամբողջական են, մերկ կամ մազածածկ։ Ծաղիկներն ակտինոմորֆ (կանոնավոր) են, վարդագույն, սպիտակ, դեղին, կարմիր։ Ծաղկում է ապրիլ-հունիսին։ Պտուղը միաբուն կամ երկբուն, 3-4 կամ 1 սերմանի թևավոր (հազվադեպ՝ անթև), հիմնականում բացվող պատիճակ է։ Որոշ տեսակներ գեղազարդիչ են, օգտագործվում են պարտեզագործության մեջ։
Հայկական խոզանափուշը կամ կուզենիան աստղածաղկագգիների (բարդածաղկավորներ) ընտանիքի միամյա, երկամյա և բազմամյա խոտաբույսերի, հազվադեպ՝ կիսաթփերի ցեղ է: Ցողունը կոշտ է և չոր, ճյուղերը՝ փշակալած, բարձրությունը՝ 40-50 սմ տերևներն ամբողջականից փետրաբաժան են, բլթակավոր։ Ծաղկաբույլը գնդաձև զամբյուղ է, ծաղիկները՝ երկսեռ, խողովակաձև, դեղին, սպիտակադեղին, ծիրանագույն, սպիտակ։ Ծաղկում է հուլիս-օգոստոսին։ Պտուղը հակադիր ձվաձև կամ հակադիր բրգաձև, շուտ թափվող մազիկներով սերմիկ է։ Խոզանափուշ բարալիկ հազվագյուտ տեսակը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։ Հայտնի է մոտ 500, Հայաստանում՝ 27 տեսակ: Տարածված է Հայաստանի բոլոր ցածրադիր և միջին լեռնային գոտիներում։
Հայկական սինձը բարդածաղկավորների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս է։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։ 25-27 սմ բարձրությամբ միամյա կամ երկամյա բույս է։ Տերևները գծային են, կիսացողունագիրկ։ Ցողունն ուղիղ է, ճյուղավորված։ Ծաղկակոթերը չհաստացած կամ թեթևակի հաստացած են և գտնվում են զամբյուղների տակ։ Ծածկոցի թերթերն ունեն ծաղիկներին հավասար կամ դրանցից աննշան կարճ մուգ յասամանագույն ծաղիկներ։ Սերմնիկները երկայնակի կողերով են, արտաքինները՝ 5 թևանման կողերով և ակոսներով, որոնք վերին մասում անմիջապես փոխակերպվում են երկար կտուցի, ներքինները՝ ավելի թույլ արտահայտված կողերով, բոլորը համարյա կազմված սերմիկին հավասար փետրաձև մազիկներից, հիմքում՝ օղակաձև միաձուլված պապուսով: Աճում է միջին լեռնային գոտում՝ 1400-1900 մ բարձրությունների վրա, չոր քարքարոտ լանջերին: Ծաղկում է մայիս–հունիս ամիսներին, պտղաբերում՝ հունիս-հուլիսին: Վտանգված տեսակ է: Հայաստանի էնդեմիկ է: Հայտնի է մեկ պոպուլյացիա:
Հայկական սմիրնիոպսիսը հովանոցավորների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։ Դեղնականաչավուն բազմամյա բարձր խոտաբույս է, որի բարձրությունը հասնում է 2,5 մ-ի։ Տերևները մերկ են, կրկնակի-եռակի փետրաձև հատված, մեծ ձվաձև ծայրային մասերով։ Պտուղները ձվաձև են, կողքերից սեղմված, բազմաթիվ խոշոր պղպջակաձև սեկրետոր զետեղարաններով։ Աճում է վերին լեռնային և ենթալպյան գոտիներում՝ ծովի մակարդակից 2000-2500 մ բարձրությունների վրա, բաց քարքարոտ և խճաքարոտ լանջերին, տափաստանային թփերի մացառուտներում, շատ հաճախ պատմական հուշարձանների մոտ: Ծաղկում է հունիս ամսին, պտղաբերում՝ հուլիս – օգոստոսին: Վտանգված տեսակ է։ Հայաստանի էնդեմիկ է։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ։
Հայկական ծովակաղամբը խաչածաղկավորների ընտանիքին պատկանող բույս է: Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։ Բազմամյա բոլորովին մերկ բույս է, որն ունի մինչև 60 սմ բարձրություն: Ցողունները բարակ են, ճյուղավորված: Արմատամերձ տերևները հակաձվաձև, ատամնաեզր, կարճ կոթուններով են: Պսակաթերթերի երկարությունը հասնում է 3,5-4 մմ-ի, սպիտակ են: Պատիճակները չբացվող են, երկանդամ, ստորինը նման է կարճ ծաղկակոթի և առանց սերմի է, իսկ վերինը մեկ սերմով է, խոշոր, գնդաձև կամ ձվաձև: Աճում է ստորին լեռնային գոտում` ծովի մակարդակից 800-1200 մ բարձրությունների վրա, կավոտ լանջերին, կիսաանապատներում: Ծաղկում է մայիսին, պտղաբերում՝ հունիս-հուլիսին:
Հայկական գառնառվույտը լոբազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս է։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։ 15-30 սմ բարձրության բազմամյա, անցողուն բույս է` ծածկված երկար, դեղին և սպիտակ մազիկներով։ Տերևների երկարությունը հասնում է 8-18 սմ-ի։ Տերևիկները 12-19-ական զույգերով են։ Ծաղկակիրները ամուր են, ուղիղ, տերևները գերազանցող։ Ծաղկաբույլը բազմածաղիկ է, կլորավուն-ձվաձև, գլխիկաձվաձև, պտղի ժամանակ՝ երկարացող: Պսակը երկնամանուշակագույն է: Դրոշի երկարությւոնը հասնում 17-22 մմ-ի։ 23 մմ երկարությամբ, 8-9 մմ լայնությամբ ունդերը երկարավուն-ձվաձև են, կարճ, սև և սպիտակ մազոտ։ Աճում է վերին լեռնային և երթալպյան գոտիներում՝ ծովի մակարդակից 1950-2700 մ բարձրությունների վրա, մարգագետիններում, չոր քարքարոտ, խճաքարոտ և կրաքարային լանջերին: Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում՝ հուլիս-օգոստոսին:
Հայկական տուղտը տուղտազգիների ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ է: Կոճղարմատը ճյուղավորվող է, մսալի։ Ցողունը կանգուն է, բարձրություն՝ 50-250 սմ։ Տերևներն ամբողջական են կամ բլթակավոր, հերթադիր։ Ծաղկաբույլը ողկուզանման է կամ հուրանանման, ծաղիկները՝ բաց վարդագույն կամ սպիտակ, երբեմն՝ կարմրա-վարդագույն։ Ծաղկում է հունիս-սեպտեմբերին։ Պտուղը մերկ է, տրոհվող, սերմը՝ տափակ, կլոր, երիկամաձև, մուգ շագանակագույն, եզրերը՝ բաց դեղնավուն։ Հայտնի է մոտ 12: Տարածված է ստորին և միջին լեռնային գոտիներում: Աճում է չոր խոտածածկ, քարքարոտ, կավոտ լանջերին, խոնավ վայրերում, գետափերին, այգիներում, ճամփեզրերին և այլն։
Հայկական առյուծաթաթը ծորենազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում: Պալարանման, փքված ստորերկրյա մասով թխակապույտ բազմամյա խոտաբույս է։ Տերևները եռմասնյա են։ Բարձրությունը 10-25 սմ է: Ծաղիկները դեղին են և հավաքված են ողկույզում: Պտուղը օվալ տուփիկ է: Հայաստանում հանդիպում է Երևանի ֆլորիստիկական շրջանում: Աճում է ստորին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 900–1200 մ բարձրությունների վրա, կիսաանապատում, չոր քարքարոտ, աղային-կավոտ լանջերին: Ծաղկում է ապրիլ-մայիս ամիսներին, պտղաբերում՝ մայիս-հունիսին:
Զանգեզուրի սզնին վարդազգիների ընտանիքին պատկանող 1-2 մ բարձրությամբ տերևաթափ ծածկասերմ թուփ։ Ծաղկաբույլերը կազմված են սակավաթիվ, սպիտակ, խոշոր ծաղիկներից։ Պտուղները կարճ էլիպսաձև են, 0,8-1 սմ տրամագծով, երկարավուն, 1-2 կորիզով։ Ծաղկում է մայիսին, պտուղները հասունանում են սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին։ Պահանջկոտ չէ աճման պայմանների նկատմամբ։ Խոնավասեր է, սակայն լավ է աճում նաև չոր վայրերում, դիմանում է կարճատև երաշտին և լուսասեր է։ Պահանջկոտ չէ հողի բերրիության ու ստրուկտուրայի նկատմամբ։ Վնասատուներով և հիվանդություններով չի վարակվում։ Բազմանում է սերմերի միջոցով։ Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։ Տարածված է միջին լեռնային գոտում, ժայռոտ կիրճերում:
Արարատյան ցորենը հացազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։ 70-110 սմ բարձրությամբ, ուղիղ կանգնած ցողունով, միամյա, մոմային փառով ծածկված խոտաբույս է: 6-13 մմ լայնությամբ հասկերը երկշարք են, համեմատաբար լայն: Հասկերի առանցքը հեշտությամբ բաժանվում է մասերի: Հասկիկները 2 հատիկով են: Աճում է միջին լեռնային գոտում` ծովի մակարդակից 1200-1600 մ բարձրությունների վրա, տափաստաններում, չոր քարքարոտ լանջերին, ցանքերում, դաշտերի սահմանաշերտերում, ոռոգող ջրանցքների երկարությամբ: Ծաղկում է մայիս ամսին, պտղակալում՝ հունիսին:
Նաիրյան նշենին ոչ բարձր թուփ՝ 1–2 մ բարձրության, փռված ճյուղավորված, շատ փշոտ ճյուղերով: Տերևները՝ թույլ հաստակաշի, մերկ, երկարավուն նշտարաձև, ամբողջաեզր կամ աղեղնաձև սղոցաեզր, մանր 2–2,5 (3) սմ երկարության, 0,6–0,8 սմ լայնության: Կորզապտուղները ձվաձև-օվալ, թավշային, տափակած, կարճ սրածայրով: Վտանգված տեսակ է: Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 1 կարգավիճակով՝ ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ: Աճում է ստորին և միջին լեռնային գոտիներում, ծ. մ. 600–1800 մ բարձրությունների վրա, չոր քարքարոտ լանջերին, քարաթափվածքների վրա, ժայռոտ տեղերում, ֆրիգանանման բուսականության մեջ, արիդ նոսրանտառում: Ծաղկում է ապրիլ–մայիս ամիսներին, պտղաբերում՝ հունիս–սեպտեմբերին:
Հայաստանյան արոսենին մեծ թուփ է: Տերևները՝ էլիպսաձև, կաշենման, ամբողջական, հիմքի մոտ և գագաթին սեպաձև նեղացած, խոշոր ատամեզրերով, մերկ, փայլուն, ներքևից խիտ առսեղմ ձյունափայլ թավոտությոամբ: Պտուղը՝ մուգ կարմիր՝ ծածկված բազմաթիվ բաց գույնի ոսպիկներով: Խոցելի տեսակ է: Ռելիկտային տեսակ է, որի արեալը Հայաստանում աստիճանաբար կրճատվում է միջավայրի որակի վատացման և աճելավայրերի յուրացման հետևանքով: Աճում է միջին լեռնային գոտուց մինչև ենթալպյան գոտի, ծ. մ. 1600–2400 մ բարձրությունների վրա, ժայռոտ զառիթափ լանջերին, մնացորդային անտառներում, անտառի վերին սահմանի ենթալպյան բարձրախոտերում: Գերադասում է հյուսիսային և հյուսիսարևմտյան էքսպոզիցիաները: Ծաղկում է մայիս–հունիս ամիսներին, պտղաբերում՝ հուլիս–հոկտեմբերին:
Հայաստանյան տերեփուկը բազմամյա խոտաբույս է: Ցողունները՝ ուղիղ կանգնած: Զամբյուղները՝ լայն ձվաձև, խոշոր, 25–32 մմ երկարության, 20–40 մմ լայնության: Ծածկոցի թերթերը՝ լայն թաղանթային հավելուկով, 2–4 մմ երկարության: Եզրային ծաղիկները 46–50 մմ երկարության, դեղին: Սերմնիկները՝ երկարավուն սպիտակավուն կամ գորշավուն– մոխրագույն, 9–11 սմ երկարության: Վտանգված տեսակ է: Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 1 կարգավիճակով՝ ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ: Աճում է միջին և վերին լեռնային գոտիներում ծ. մ. 1400–2000 մ բարձրությունների վրա, չոր քարքարոտ լանջերին, տափաստանում: Ծաղկում է հունիս–հուլիս ամիսներին, պտղաբերում՝ հուլիս–օգոստոսին:
Հայաստանի կորնգանը բազմամյա խոտաբույս՝ 25–70 սմ բարձրության: Տերևիկները՝ 4–8 զույգ, նեղ–գծային, 10–30 մմ երկարության, 1–2 մմ լայնության: Ծաղկակիրները՝ ծաղկաբույլի հետ միասին 7–20 սմ երկարության: Ծաղկաբույլը՝ ծաղկելուց հետո երկարացող: Բաժակը՝ առսեղմ մազոտ: Պսակը՝ վարդագույն–սպիտակից մինչև կարմիր–վարդագույն: Դրոշը՝ մերկ, 6–10 մմ երկարության: Ունդերը՝ առսեղմ թավոտ, կատարը և սկավառակը՝ երկարափշոտ: Վտանգված տեսակ է: Աճում է ստորին և միջին լեռնային գոտիներում, ծ. մ. 800–1850 մ բարձրությունների վրա, տափաստանում, ֆրիգանանման բուսականության մեջ: Ծաղկում է հունիս–հուլիս ամիսներին, պտղաբերում՝ հուլիս–օգոստոսին:
Հայաստանյան թրաշուշանը հիրիկազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։ Պալարասոխուկավոր, գեղազարդային բույս է։ Ցողունը բարակ է, 25-40 սմ բարձրության: Տերևները համարյա զուգահեռ ջղերով են: Ծաղկաբույլը 1-2, երբեմն 3 ծաղիկներով է: Ծաղկապատը երկշուրթ, ծիրանագույն է: Աճում է վերին լեռնային և երթալպյան գոտիներում՝ ծովի մակարդակից 1800-2900 մ բարձրությունների վրա, մարգագետիններում, կաղնու ենթալպյան նոսրանտառներում, ժայռոտ տեղերում: Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում՝ օգոստոսին:
Չմենին վարդազգիների (վարդածաղիկներ) ընտանիքի տերևաթափ և մշտադալար թփերի կամ ցածրաճ ծառերի ցեղ։ Հայտնի է մոտ 100 (այլ տվյալներով՝ 30-60) տեսակ։ Բարձր, մինչև 3(5) մ է։ Տերևները պարզ են, ամբողջական, հերթադիր։ Ծաղկաբույլը ողկուզանման է կամ վահանանման, ծաղիկները՝ հազվադեպ մեկական, մանր, սպիտակ կամ վարդագույն։ Ծաղկում է մայիս-հուլիսին։ Պտուղները մանր են, խնձորանման, կարմիր կամ սև՝ ալրանման միջուկով։ Ուտելի են։ Աճում է քարքարոտ լեռնալանջերին, անտառեզրերին, նոսրանտառներում և այլն։ Սերմերը պարունակում են ամիգդալին, տերևները՝ վիտամին C, պտուղները՝ շաքարանյութեր։ Ցրտադիմացկուն է և լուսասեր, հողի նկատմամբ՝ ոչ պահանջկոտ։ Կարելի է օգտագործել չոր, քարքարոտ լեռնալանջերի անտառապատման համար։ Գեղազարդիչ է։
Զիվանը ակքանազգիների ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Ցողունի բարձր, մինչև 1 մ է (երբեմն՝ ավելի)։ Տերևները հակադիր են, փետրաբաժան, երբեմն՝ ամբողջական։ Ծաղկաբույլը գնդաձև կամ ձվաձև գլխիկ է։ Ծաղիկները դեղնավուն են կամ երկնագույն՝ պատված կաշեկերպ, կղմինդրաձև դասավորված ծածկոցի թերթիկներով։ Ծաղկում է հուլիս-օգոստոսին։ Պտուղն իլիկաձև, քառանկյուն սերմիկ է։ Դեղաբույս է. պարունակում է ալկալոիդներ, սապոնիններ։ Չոր ծաղիկների եփուկը ժողովրդական բժշկության մեջ օգտագործում են շնչառական օրգանների հիվանդության ժամանակ՝ որպես խորխաբեր, ջերմիջեցնող, քրտնաբեր միջոցներ։ Աճում է անտառների բացատներում ու եզրերին, լեռնատափաստաններում ու մարգագետիններում, խճոտ լեռնալանջերին։ Հաճախ առաջացնում է թփուտներ։
Հայկական գազը (կռնի, խազիրան) բակլազգիների (թիթեռնածաղկավորներ) ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի, կիսաթփերի, հազվադեպ՝ թփերի ցեղ։ Ցողունը ճյուղավորվող է, երբեմն՝ գետնատարած, բարձրությունը՝ 40-60 մմ։ Տերևները կենտփետրաձև են, հազվադեպ՝ զույգփետրաձև, մանր, ամբողջաեզր, էլիպսաձև, կոթունները վերջանում են փշերով։ Ծաղկաբույլը ողկույզ է կամ գլխիկ, ծաղիկները՝ դեղին, ծիրանագույն, սպիտակ, մանուշակագույն։ Ծաղկում է հունիս-օգոստոսին։ Պտուղն ունդ է։ Դեղաբույս է. պարունակում է ալկալոիդներ, խեժ, որի բաղադրության մեջ մտնում են բազմաշաքարներ, օրգանական թթուներ, լորձ, ներկանյութ և այլն։ Խեժն օգտագործվում է նաև հրուշակեղենի, թղթի, լաքերի, ներկի, կաշվի արտադրության մեջ։ Գազի որոշ տեսակներ թունավոր են։ Մեղրատու է։ Աճում է չոր, քարքարոտ, անմշակ հողերում և լեռնալանջերին, երբեմն առաջացնում փշաբարձանման համակեցություններ։ Գրանցված են ՀՀ Կարմիր գրքում։