Հայաստանում բնագիտությունն ունի ավելի քան 3000 տարվա պատմություն: Սկզբնավորված լինելով ավանդական բժշկությունից՝ հայկական բժշկությունը ներառել է հայ բժիշկների բազում սերունդների փորձը Հայաստանի բուսական և կենդանական աշխարհների և հանքանյութերի բուժիչ ազդեցությունների վերաբերյալ:
ՄԽԻԹԱՐ ՀԵՐԱՑԻ
Հայկական բժշկության և բնագիտության նախահայրը Մխիթար Հերացին է (մոտ 1120-1200թթ.)՝ հայ բժիշկ և փիլիսոփա: Նա հայկական բժշկության կայացման մեջ ունեցել է այնպիսի դեր, ինչ Հիպոկրատը՝ հունական, Գալենը հռոմեական բժշկության մեջ և Իբն Սինան իսլամական աշխարհում: Նա հավաքել, ուսումնասիրել ու ամփոփել է անցյալ դարերի ինչպես դասական, այնպես էլ ժողովրդական բժշկության փորձը՝ ստեղծելով աշխատություններ, որոնք այսօր էլ չեն կորցրել իրենց արժեքը:
Նա մի շարք հայտնի աշխատությունների հեղինակ է: «Վասն շինուածոյ և յօրինուածոյ աչացն» ուսմունքի մեջ նա նկարագրել է աչքի յոթ թաղանթները, վեց մկաններ և զույգ տեսանյարդերը: Մխիթար Հերացին, ինչպես և Գալենը, տեսողական գործընթացում ավելի մեծ կարևորություն էր տալիս ոսպնյակին և ոչ թե ցանցենուն:
Հերացու կողմից 1184 թվականին գրված և ամբողջովին պահպանված «Ջերմանց մխթարություն» աշխատությունը համարվում է նրա գլուխգործոցը: Այն հանրագիտարանային աշխատություն է, որում, ի թիվս այլ թեմաների, Հերացին քննարկել է վիրաբուժությունը, սննդակարգը և հոգեթերապիան: «Ջերմանց մխիթարությունը» առաջին գիրքն է, որտեղ նկարագրվել է «բորբոսի» տեսությունը՝ որպես տենդ առաջացնող կենդանի հարուցիչ: Հատկանշական է, որ չնայած 12-րդ դարում մանրադիտակը դեռևս չէր հայտնագործվել, և մանրէների գոյության մասին դեռևս ոչինչ հայտնի չէր, Հերացու աշխատությունը և կենդանի հարուցիչների մասին տվյալ պնդումը կանխատեսեց մանրէների գոյությունը: Հերացու աշխատության հնագույն գրչագիրը, որը պահվում է հին ձեռագրերի պահպանման կենտրոն Մատենադարանում, վկայում է հայ միջնադարյան բժշկության գիտական բարձր մակարդակի մասին: Այս ամենն իրավամբ հայ բժշկին («բժշկապետ») բերել է միջնադարյան բժշկության ներկայացուցիչների առաջին շարքեր:
Տպագրության գյուտը գիտության զարգացման մեջ նշանակալի դեր ունեցավ: Հայկական առաջին տպագիր գիրքը՝ «Ուբաթագիրքը» (1512), որը տպագրվել է Վենետիկում, ներառում է բժշկական եզրույթներ պարունակող գլուխ: «Ջերմանց մխիթարությունը» նույնպես առաջին անգամ լույս է տեսել Վենետիկում 1832 թվականին՝ 12-րդ դարի ձեռագիր տարբերակի հիման վրա:
Չնայած «Ջերմանց մխիթարությունը» գրվել է 12-րդ դարում, այն դարեր շարունակ հետաքրքրություն է առաջացրել աշխարհի գիտնականների շրջանում և թարգմանվել մի շարք լեզուներով: 1899 թվականին հրատարակվել է ֆրանսերենով, 1908 թվականին հայերենից թարգմանվել է գերմաներեն, իսկ 1955-ին թարգմանվել է նաև ռուսերեն:
Հերացու այլ աշխատություններից են «Պաթոլոգիա», «Ախրապատին» (Բուսաբանություն), «Անատոմիա», որոնցից պահպանվել են հատվածներ:
Մխիթար Հերացին ստեղծել է գիտական տերմիններ, որոնցից շատերը պահպանվում են հայ ժամանակակից բժշկական գրականության մեջ: Հերացին չի գրել գրաբարով, որն այդ ժամանակի գիտական լեզուն էր, այլ խոսակցական հայերենով, որն օգտագործում էին հասարակ մարդիկ: Հերացին կարծում էր, որ իր գիրքն այդ դեպքում օգտակար կլինի ոչ միայն մասնագետների, այլև հասարակ ժողովրդի համար:
Կարևոր է նշել, որ Հերացին լավ տիրապետել է պարսկերեն, հունարեն և արաբերեն լեզուներին:
ԱՄԻՐԴՈՎԼԱԹ ԱՄԱՍԻԱՑԻ
Ամիրդովլաթ Ամասիացին 15-րդ դարի հայ բժիշկ և գրող է: Նա մի շարք աշխատություններ է գրել բժշկության վերաբերյալ, որոնք հիմնականում կենտրոնացված են բուսաբուժության և դեղաբանության վրա, որտեղ օգտագործվում են դեղաբույսեր, կենդանական ծագման արտադրանք և հանքանյութեր: Ամասիացին իր բոլոր գործերը գրել է միջին հայերենով՝ ժամանակի խոսակցական լեզվով:
Իր աշխատանքներում Ամասիացին նկարագրել է եզակի բաղադրատոմսեր, որոնք ներկայացնում են Անատոլիայում (որտեղ նա ապրում և աշխատում էր) ժամանակի բժշկական գիտելիքների և սովորությունների նկարագրություն: Նա ներկայացրել է տարբեր բույսերի և հանքանյութերի ֆիզիկական և բուժական հատկությունները, ինչպես նաև աշխարհագրական տեղաբաշխումը՝ օգտագործելով տարբեր լեզուներ՝ հիմնականում հունարեն, արաբերեն, ֆրանսերեն և պարսկերեն:
Ամասիացու աշխատանքները, մասնավորապես՝ «Անգիտաց Անպետը», յուրահատուկ են՝ ունենալով նշանակալից դեր տարբեր մշակույթների ավանդույթների և ժառանգության պահպանման գործում: «Անգիտաց անպետը» հանրագիտարանային բնույթի պարզ դեղերի բառարան է, որն ընդգրկում է 1400 դեղամիջոցներ: Այն, անկասկած, Ամասիացու ամենակարևոր ձեռքբերումներից է: Բառարանը վկայում է դեղերի պատրաստման գործում բույսերի, կենդանիների և հանքանյութերի բուժիչ հատկությունների վերաբերյալ հեղինակի հսկայական գիտելիքների մասին: Ամասիացին ավելի մեծ նախապատվություն է տվել վայրի բույսերին՝ որպես դեղորայքի աղբյուր. նա առաջարկել է օգտագործել զաֆրան և հաշիշ՝ որպես ցավազրկող և քնաբեր դեղամիջոցներ: Ամասիացին խրախուսել է կենդանիների օրգանների, ինչպես նաև հանքանյութերի, մասնավորապես սովորական աղի օգտագործումը դեղերի պատրաստման համար և խորհուրդ է տվել երկաթով պատրաստել տարատեսակ պատրաստուկներ որովայնի և աղիքային հիվանդությունների, սակավարյունության բուժման համար, ինչպես նաև ծծմբային քսուք՝ մաշկի հիվանդությունների համար:
Մեկ այլ հայտնի աշխատություն է «Օգուտ Բժշկութեանը», որտեղ Ամիրդովլաթ Ամասիացին նկարագրել է հետևյալ օրգան-համակարգերի ավելի քան 200 հիվանդություն՝ սրտանոթներ, անոթներ, շնչառական համակարգ, մարսողական համակարգ, միզասեռական օրգաններ, կենտրոնական նյարդային համակարգ:
ԼԵՎՈՆ ՕՐԲԵԼԻ
20-րդ դարի հայ բնագիտության ամենակարկառուն ներկայացուցիչը Լևոն Օրբելին է (1882-1958): Նա սուզանավերի և ավիացիոն ֆիզիոլոգիայի, տիեզերական կենսաբանության և բժշկության հիմնադիրն է: Նա նաև ավելի քան 130 բնօրինակ գիտական աշխատությունների հեղինակ է:
Օրբելին հայ մեծանուն ֆիզիոլոգ է, ով ստեղծել է համեմատական էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի հիմնական սկզբունքները, սիմպաթիկ նյարդային համակարգի հարմարվողական և սնուցող գործառույթների տեսությունը, ուսումնասիրել է գլխուղեղի ֆիզիոլոգիական դերի՝ որպես օրգանիզմում բոլոր վեգետատիվ գործընթացների կարգավորիչ:
Օրբելին գիտության մեջ զարգացրել է նոր ուղղություն՝ էվոլյուցիոն ֆիզիոլոգիան, և առաջին անգամ օբյեկտիվ տվյալներ ստացել կենդանու տեսողական ֆունկցիայի վերաբերյալ՝ կախված ուղեղի կիսագնդերի ակտիվությունից: Նա նաև հիմնավորել է սիմպաթիկ նյարդային համակարգի հարմարվողական-սնուցող ֆունկցիայի և վեգետատիվ նյարդային համակարգի հարմարվողական-սնուցող դերի մասին ուսմունքը:
Օրբելին նաև զբաղվել է բարձրագույն նյարդային գործունեության մեխանիզմների, պայմանական ռեֆլեքսների համեմատական և տարիքային ֆիզիոլոգիայի, բարձրագույն նյարդային գործունեության վրա արտաքին գործոնների ազդեցության վերաբերյալ հետազոտություններով:
Օրբելիի և նրա ուսանողների աշխատանքը կարևոր դեր է խաղացել ցավի զգայարանների ֆիզիոլոգիայի և նրանց հիվանդությունների, մարդու վրա մթնոլորտային բարձր և ցածր ճնշման ազդեցության վերաբերյալ:
ԽԱՉԱՏՈՒՐ ԿՈՇՏՈՅԱՆՑ
Խաչատուր Կոշտոյանցը (1900-1961) հայ ֆիզիոլոգ է, ում հիմնական հետազոտությունները վերաբերում են էվոլյուցիոն ֆիզիոլոգիային: Նրա գիտական ժառանգությունը մեծ ազդեցություն է ունեցել նյարդային համակարգի նյարդաքիմիայի ժամանակակից ընկալման վրա:
Նրա գիտական հետաքրքրություններն ընդգրկել են ֆիզիոլոգիայի տարբեր բաժիններ՝ մարսողությունից մինչև նյարդային համակարգի միջնորդային գործընթացներ: Այնուամենայնիվ, նրա հիմնական աշխատությունները նվիրված են օրգանիզմների գործառույթների էվոլյուցիայի խնդիրներին և էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի տեսական հիմունքներին:
Նա մշակել է նյարդի դրդման ֆերմենտ-քիմիական նեյրոհաղորդիչային վարկածը՝ հիմնված նյութափոխանակության գործընթացների փոխազդեցության և այդ գործընթացներին մասնակցող սպիտակուցների կառուցվածքի վրա:
Նա բջջից բջիջ դրդման փոխանցման քիմիական մեխանիզմների կողմնակից էր:
Ակադեմիկոս Կոշտոյանցը փորձով ցույց է տվել մարմնի ռեակցիաները կարգավորելու հնարավորությունը նյութափոխանակության որոշակի տարրերի ուղղորդված փոփոխությունների, ինչպես նաև նյութափոխանակության գործընթացների վրա ազդող մարմնի օրգան-համակարգերի ֆունկցիոնալ գործունեության փոփոխությունների միջոցով:
Կոշտոյանցը ուսումնասիրել է կմախքի և սրտի մկանների կենսաէլեկտրական պոտենցիալները: Նա ապացուցել է սպիտակուցային մոլեկուլների սուլֆհիդրիլային խմբերի հատուկ դերը սպիտակուցային մարմինների, ֆիբրինոգենի, մկանների սպիտակուցների կառուցվածքում: Նա պարզել է, որ նյարդային վերջույթներին միջնորդանյութերի կապումն իրականացվում է հատուկ սպիտակուցների միջոցով, որոնք ունակ են պարբերականորեն փոխել իրենց կառուցվածքը և կատարել իրենց գործառույթը:
ՄԻԽԱՅԻԼ ՉԱՅԼԱԽՅԱՆ
Միխայիլ Չայլախյանը (1902–1991) հայ գիտնական է, ով հայտնի է ծաղկաբուծության մեջ ներառված բուսական ունիվերսալ հորմոնի (ֆլորիգենի) գոյության առաջադրմամբ:
1930-ականներին Լենինգրադում Միխայիլ Չայլախյանը սկսել է աշխատել բույսերի լուսապարբերականության ռեակցիայի ուսումնասիրության վրա: Իր փորձերի մեծամասնության համար նա օգտագործել է ամենապարզ սարքավորումները՝ մուգ խիտ հյուսվածք և նշտար: Որպեսզի բույսն օրվա տևողությունն ընկալի որպես ծաղկելու համար խթան, այն պետք է հասնի որոշակի տարիքի: Չայլախյանն այս տարիքն անվանել է ծաղկման հասուն վիճակ, այսինքն զարգացման ներքին գործոնները պետք է բույսին հանգեցնեն որոշակի վիճակի: Ազդանշանն ստանալուց հետո մերիստեմն անմիջապես չի ձևավորում ծաղկի տեսանելի օրգանները: Դրան նախորդում է ծաղկման համար «թաքնված նախապատրաստման» ժամանակահատվածը:
Նա իր փորձերն իրականացրել է քրիզանտեմների վրա, որոնք կարճ օրվա ընթացքում կտրուկ արագացնում են ծաղկման սկիզբը: Որոշ տեղերում հեռացնելով օրգանների մասեր՝ Չայլախյանն ապացուցել է, որ հենց տերևն է լուսապարբերականության ընկալման հիմնական օրգանը: Ըստ Չայլախյանի` բարենպաստ լուսապարբերականության ազդեցության տակ տերևում առաջանում է հորմոնալ նյութ՝ ֆլորիգեն, որը շարժվում է դեպի ցողունի գագաթ՝ առաջացնելով գագաթային մերիստեմ՝ բուսականից ձևափոխվելով ծաղկայինի: Նա այս տերմինը ներմուծել է 1936 թվականին:
1930-ականների երկրորդ կեսին Չայլախյանը փորձեր է իրականացրել՝ ապացուցելու տարբեր տեսակի բույսերում ֆլորիգենի առկայությունը, տերևներում դրա ձևավորումը և բույսերում ֆլորիգենի շարժման արագությունն ու ուղղությունը որոշելու համար: Փորձերի արդյունքում հայտնի դարձավ, որ ֆլորիգենը ունիվերսալ նյութ է, որը չունի սպեցիֆիկություն ինչպես բույսերի լուսապարբերականության տիպի, այնպես էլ տարբեր տեսակների մոտ: Այս արդյունքների հիման վրա 1937 թվականին Չայլախյանը մշակեց բույսերի ծաղկման հորմոնալ տեսությունը:
1950-ականների վերջին Չայլախյանն ուսումնասիրել է գիբբերելինների ազդեցությունը բույսերի ծաղկման վրա: Պարզ դարձավ, որ որոշ բույսերի մեջ գիբբերելինը արագացնում է ծաղիկների ձևավորումը: Չայլախյանի՝ բույսերի զարգացման հորմոնալ տեսության համաձայն՝ ֆլորիգենի առաջացումը անհրաժեշտ է ցանկացած բույսի ծաղկման համար: Չեզոք բույսերում ֆլորիգենը առաջանում է անընդհատ և կախված չէ արտաքին պայմաններից:
Երևանում՝ ՀԽՍՀ ԳԱ Բուսաբանական ինստիտուտի բույսերի ֆիզիոլոգիայի լաբորատորիայում, Չայլախյանը սկսեց ուսումնասիրություններ կատարել վիտամին C-ի հումքի աղբյուրների հայտնաբերման վերաբերյալ: Հետագա տարիներին նա շարունակել է ուսումնասիրել ծաղկման հորմոնալ կարգավորումը՝ ուսումնասիրելով աճի հորմոնների՝ աուքսինների դերը լուսապարբերականության, աճի խթանման և զարգացման գործընթացներում: 1960-ականներին Չայլախյանը ձեռք է բերել նոր տվյալներ, որոնք ցույց են տալիս ծաղկող հորմոնների երկու անկախ խմբերի առկայությունը: Պարզվեց, որ ծաղկման շրջանը տարբեր է երկար և կարճ օրվա տեսակների մեջ. երկարատևներում սկսվում է ցողունների ձևավորումը և աճը, կարճատևներում՝ ծաղիկների ձևավորումը:
1970-ականներին և հետագա տարիներին Չայլախյանը առաջ է քաշել ծաղկման կարգավորման երկու տեսակի տեսություն՝ ինքնավար, որի դեպքում ծաղկող հորմոնների ձևավորումը կախված չէ շրջակա միջավայրի գործոններից, և ֆոտոպերիոդիկ կարգավորում, որում ծաղկող հորմոնների առաջացումը կախված է օրվա տևողության ազդեցությունից:
ԷԶՐԱՍ ՀԱՍՐԱԹՅԱՆ
Էզրաս Հասրաթյանը (1903-1981) հայ նյարդաֆիզիոլոգ է, ում հիմնական գիտական հետազոտությունները հիմնված են եղել բարձրագույն նյարդային գործունեության վրա:
Նա մշակել է նյարդային համակարգի հարմարվողականության տեսությունը՝ պարզաբանելով վնասված օրգանիզմում վերականգնողական երևույթների մեխանիզմը և գլխուղեղի կեղևում դրա որոշիչ դերը:
Հասրաթյանը արգելակման պաշտպանիչ դերի մասին գաղափարը ընդունել է որպես հիմք տրավմատիկ շոկի և ուղեղի որոշ օրգանական վնասվածքների հետևանքների բուժման համար:
Նա մշակել է բազմաթիվ գաղափարներ ոչ պայմանական ռեֆլեքսների մորֆոֆունկցիոնալ բազմաստիճան համակարգի, տոնուսի բարձրացման և պայմանական ռեֆլեքսների մասին, բարձրագույն նյարդային գործունեության մեջ փոխարկման մեխանիզմների վերաբերյալ և այլն:
Հասրաթյանը հիմնավորել է արգելակման գործընթացի բուժական և պաշտպանական դերը, մշակել կանխարգելման և բուժման նոր մեթոդ և հետազոտել վնասվածքի, այրվածքների և տենդի պատճառով առաջացած շոկային վիճակներից մարդու վերականգնումը:
Նա մի շարք հայտնագործությունների հեղինակ է, որոնց թվում կարևոր են պայմանական ռեֆլեքսների համակարգման օրինաչափությունները:
Նրա գիտական աշխատանքների հիմնական թեմաներն են փոխհատուցվող հարմարվողականության ֆիզիոլոգիան, բարձրագույն նյարդային գործունեության ֆիզիոլոգիան և էվոլյուցիոն վերականգնման ֆիզիոլոգիան:
ՆՈՐԱՅՐ ՍԻՍԱԿՅԱՆ
Նորայր Սիսակյանը (1907-1966) կենսաքիմիկոս է, տիեզերական կենսաբանության հիմնադիրներից մեկը: Սիսակյանը ենթաբջջային կառուցվածքների կենսաքիմիայի և տեխնիկական կենսաքիմիայի առաջին աշխատանքների հեղինակն է: Սիսակյանը գիտության և գիտնականների համաշխարհային համագործակցության կազմակերպիչ է:
Նորայր Սիսակյանը ուսումնասիրություններ է կատարել բույսերի ընդհանուր կիրառական կենսաքիմիայի և տեխնիկական կենսաքիմիայի ոլորտներում: Տիեզերական կենսաբանության հիմնադրման և զարգացման գործում նրա դերը պարզապես անգնահատելի է:
Պատկերավոր ասած՝ գիտնականը համատեղել է կենսաբանությունը տիեզերքի հետ: Օրակարգում ծայրաստիճան կարևոր խնդիր էր՝ գնահատել տարբեր տեսակի իոնացնող ճառագայթների վնասակար ազդեցության աստիճանը մարդու մարմնի վրա և գտնել ռիսկը նվազեցնելու ուղիներ: Այս ուղղությամբ աշխատանքներն իրականացվել են լայնորեն՝ Սիսակյանի կողմից մշակված ծրագրի շնորհիվ: Ծրագրի իրականացման մեջ ներգրավվել է ժամանակակից կենսաբանության տարբեր ոլորտների առաջատար մասնագետների և ականավոր գիտնականների մեծ շրջանակ: Նրա նախաձեռնությամբ և ակտիվ մասնակցությամբ ստեղծվել են ավելի քան 10 հետազոտական լաբորատորիաներ:
Միևնույն ժամանակ Ն. Սիսակյանը «չի սահմանափակվել տիեզերական թռիչքների ընդհանուր կենսաբանական խնդիրներով»: Նա անմիջականորեն մասնակցել է մարդուն դեպի տիեզերք թռիչքին նախապատրաստելու գործընթացին: Սիսակյանը ղեկավարել և մասնակցել է տիեզերագնացների ընտրության և ուսուցման, թռիչքի ժամանակ անվտանգության և բժշկական հսկողության ապահովման, Երկիր վերադառնալու, վերականգնվելու և նրանց առողջության հետագա ուսումնասիրության ծրագրի մշակմանը:
ՀՐԱՉՅԱ ԲՈՒՆԻԱԹՅԱՆ
Հրաչյա Բունիաթյանը (1907-1981) հայ հայտնի կենսաքիմիկոս է, ով եղել է Հայաստանում կենսաքիմիայի և նյարդաքիմիայի հիմնադիրը:
Նրա գիտական հետազոտությունները նվիրված են եղել ուղեղի կենսաքիմիայի, օքսիդացման և նյութափոխանակության նյարդային կարգավորման գործընթացներում վիտամինների, ֆոսֆատիդների և կենսածին ամինների դերին:
Նա ուսումնասիրել է ամինաթթուներից ամոնիակի առաջացման մեխանիզմները, հայտնաբերել է նոր նիկոտինամիդային կոֆերմենտ և ուսումնասիրել նրա դերը նյութափոխանակության գործընթացներում, ցույց է տվել γ-ամինոկարագաթթվի դերը ածխաջրերի և ամինաթթուների նյութափոխանակության մեջ, հայտնաբերել պղինձ պարունակող նոր սպիտակուցներ ուղեղում:
ԱՐՄԵՆ ԹԱԽՏԱՋՅԱՆ
Արմեն Լևոնի Թախտաջյանը (1910-2009) հայ բուսաբան է, 20-րդ դարի բույսերի էվոլյուցիայի, կարգաբանության և կենսաաշխարհագրության ամենանշանավոր դեմքերից մեկը: Նրա մյուս հետաքրքրություններն ընդգրկել են ծաղկավոր բույսերի մորֆոլոգիան, պալեոբուսաբանությունը և Կովկասի բուսական աշխարհը:
Իր «Ծաղկավոր բույսեր» աշխատության մեջ նա սինթեզել է բույսերի էվոլյուցիայի իր հսկայական գիտելիքները, որոնք ձեռք էր բերել ավելի քան 60 տարվա ուսումնասիրության արդյունքում, ինչպես նաև ֆիլոգենետիկ ինֆորմացիայի մեծ մասը, որը վերջին տարիներին հրատարակվել էր ուրիշների կողմից:
Թախտաջյանն աշխատել է Լենինգրադի Կոմարովի բուսաբանական ինստիտուտում, որտեղ նա մշակել է ծաղկավոր բույսերի դասակարգման իր սխեման (1940 թ.), որն ընդգծում էր բույսերի ֆիլոգենետիկ կապերը: Նրա համակարգը Արևմուտքում բուսաբաններին հայտնի չի եղել մինչև 1950 թվականը, իսկ 1950-ականների վերջին նա նամակագրություն և համագործակցություն է սկսել ամերիկացի ականավոր բուսաբան Արթուր Քրոնկվիստի հետ, ում բույսերի դասակարգման սխեմայի վրա մեծ ազդեցություն է ունեցել Թախտաջյանի և այլ բուսաբանների հետ համագործակցությունը Կոմարովի ինստիտուտում:
Թախտաջյանի՝ ծաղկավոր բույսերի դասակարգման համակարգը ծաղկավոր բույսերին դասում է Մագնոլիֆիտա բաժնին, երկու դասով՝ երկշաքիլ և միաշաքիլ: Այս երկու դասերը բաժանվում են ենթադասերի, այնուհետև՝ վերնադասեր, դասեր և ընտանիքներ: Թախտաջյանի համակարգը նման է Քրոնկվիստի համակարգին, բայց ավելի բարձր մակարդակներում մի փոքր ավել բարդությամբ: Նա նախընտրում է ավելի փոքր դասերն ու ընտանիքները, որպեսզի հատկանիշներն ու էվոլյուցիոն փոխհարաբերություններն ավելի պարզ ընկալվեն: Թախտաջյանի դասակարգման համակարգը շարունակում է մնալ ազդեցիկ. այն օգտագործվում է, օրինակ, Մոնրեալի բուսաբանական այգու կողմից:
Թախտաջյանը ստեղծել է նաև ֆլորիստիկական շրջանների համակարգ: