The 33rd International Biology Olympiad in Armenia

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նախօրեին կայացել է Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադայի քննությունների վերջին՝ տեսական փուլը:

Ավելի վաղ տեղի էր ունեցել օլիմպիադայի գործնական փուլը, որն ուներ փորձարարական բնույթ և անցկացվել էր չորս՝ կենսաքիմիա, բույսերի անատոմիա և ֆիզիոլոգիա, կենդանիների անատոմիա և ֆիզիոլոգիա, կենսաինֆորմատիկա ուղղություններով:

Յուրաքանչյուր մասնակցի տրվել է 7 ժամ, օլիմպիականները քննության ընթացքում համացանցի հասանելիություն չեն ունեցել:

Հիշեցնենք, որ Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադային մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել 62 երկրի աշակերտական թիմեր՝ յուրաքանչյուր թիմում 4 մասնակից:

Օլիմպիադային մասնակցում են 3 դիտորդ երկրներ՝ Աֆղանստան, Բոլիվիա, Ֆրանսիա: Արդյունքները գնահատելու են Հայաստան ժամանած միջազգային ժյուրիի ավելի քան 240 անդամները: Ժյուրին աշխատում է գաղտնիության պայմաններում` գիտական օլիմպիադաների քննական ընթացքն ապահովելու համար կազմկոմիտեի կողմից մշակված հատուկ ծրագրով։

Օլիմպիադայի հաղթողների և մեդալակիր թիմերի անունները կհայտարարվեն հուլիսի 17-ին՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում նախատեսված փակման արարողության ընթացքում:

Հայաստանի մասնակիցների խումբը ձևավորվել է առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլի արդյունքներով:

Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադային Հայաստանը մասնակցում է 2009 թվականից: Հայաստանից մինչև օրս օլիմպիադային մասնակցել է 35 աշակերտ:

Միջազգային օլիմպիադան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանում անցկացվում է առաջին անգամ: Ծրագիրը համակարգում է Երևանի պետական համալսարանը։ Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադայի ծրագրի ղեկավարը ԵՊՀ գիտաշխատող, ՀՀ ԿԳՄՍՆ կենսաբանության հանրապետական օլիմպիադայի հանձնաժողովի նախագահ, կ.գ.թ. Գայանե Ղուկասյանն է։

 

 

 

Կենսաբանության միջազգային 33-րդ օլիմպիադայի մասնակիցները ծանոթացել են լաբորատոր սարքավորումներին

Կենսաբանության միջազգային 33-րդ օլիմպիադայի մասնակիցները ծանոթացել են լաբորատոր սարքավորումներին

Jul 26, 2022 522

 

Կենսաբանության միջազգային 33-րդ օլիմպիադայի մասնակիցներն այսօր Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ծանոթացել են լաբորատոր սարքավորումներին, որոնք կիրառելու են քննության գործնական փուլի ընթացքում:

Նրանց ներկայացվել են լաբորատոր սարքավորումների տեխնիկական բոլոր հնարավորությունները, քննասենյակները:

Կենսաբանության միջազգային օլիմպիադան անցկացվելու է երկու փուլով՝ տեսական և գործնական:

Հուլիսի 12-ին տեղի կունենա գործնական փուլը, որն ունի փորձարարական բնույթ և անցկացվելու է չորս՝ կենսաքիմիա, բույսերի անատոմիա և ֆիզիոլոգիա, կենդանիների անատոմիա և ֆիզիոլոգիա, կենսաինֆորմատիկա ուղղություններով: Քննության տեսական փուլը կանցկացվի հուլիսի 14-ին։

Օլիմպիադայի քննություններն անցկացվելու են Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Յուրաքանչյուր մասնակցի տրվելու է 7 ժամ. օլիմպիականները քննության ընթացքում համացանցի հասանելիություն չեն ունենա:

Մարզահամերգային համալիրում լաբորատոր սարքավորումներին ծանոթանալուց հետո տեղի է ունեցել օլիմպիադային մասնակցող աշակերտական թիմերի լուսանկարվելու արարողությունը:

Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադային մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել 64 երկրի աշակերտական թիմեր. յուրաքանչյուր թիմում 4 մասնակից: Օլիմպիադային կմասնակցեն 3 դիտորդ երկրներ, միջազգային ժյուրիի ավելի քան 240 անդամներ, ընդհանուր առմամբ` 500 օտարերկրյա պատվիրակներ:

Հայաստան ժամանած միջազգային ժյուրիի անդամներն աշխատելու են գաղտնիության պայմաններում` գիտական օլիմպիադաների քննական ընթացքը ապահովելու համար մշակված հատուկ ծրագրով։

 

 

Կենսաբանության նվաճումները տեխնոլոգիական նոր լուծումների աղբյուր են․ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը ողջունել է միջազգային օլիմպիադայի մասնակիցներին

Կենսաբանության նվաճումները տեխնոլոգիական նոր լուծումների աղբյուր են․ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը ողջունել է միջազգային օլիմպիադայի մասնակիցներին

Jul 26, 2022 598

 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը ելույթ է ունեցել Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադայի բացման հանդիսավոր արարողության ժամանակ, որը տեղի է ունեցել այսօր՝ հուլիսի 10-ին, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

Վահրամ Դումանյանը մասնավորապես նշել է․ «Ուրախ եմ տեսնել այս դահլիճում աշխարհի 60-ից ավելի երկրների սովորողների, որոնք կենսաբանության դպրոցական ամենահեղինակավոր միջոցառման՝ միջազգային օլիմպիադայի մասնակիցներն են: Նոր կորոնավիրուսային հիվանդության համավարակի օրերին մեր մոլորակի ապագան վճռում էին գիտնականներն ու բժիշկները, և ես վստահ եմ, որ դուք ձեր կարևոր խոսքն եք ունենալու գիտության և բժշկության զարգացման գործում։

Գիտական նորարարությունների խթանումը, երիտասարդ գիտնականների զարգացումն ու խրախուսումը Հայաստանի Հանրապետության կառավարության կարևորագույն առաջնահերթություններից են, որովհետև մենք վստահ ենք, որ առանց որակյալ կրթության և գիտության զարգացման անհնար է ապահովել հասարակության բարեկեցիկ առաջընթացը։

Առաջավոր գիտությունը պետք է լինի աշխարհի բոլոր երկրների այցեքարտերից մեկը միջազգային հարաբերություններում և գլոբալ արժեքային շղթաներում, ըստ այդմ՝ հանդիսանա արտաքին հարաբերությունների կարևորագույն բաղադրիչ:

Այս համատեքստում կարևոր եմ համարում նշել, որ մենք շարունակական քաղաքականություն ենք վարում Հայաստանը գիտակրթական մտքի հարթակ, գաղափարների և նորարարությունների գեներացման միջավայր դարձնելու ուղղությամբ և այս տարվա սեպտեմբերին պատրաստվում ենք հյուրընկալել գիտության և արվեստի միջազգային STARMUS VI փառատոնը։ Փառատոնի շնորհիվ Հայաստանը սեպտեմբերի առաջին տասնօրյակում կդառնա գիտության, տեխնոլոգիաների, արվեստի ու երաժշտության համաշխարհային կենտրոն՝ հյուրընկալելով մեծանուն գիտնականների, Նոբելյան մրցանակակիրների։ Նախատեսվում է կազմակերպել գիտության ճամբար, որտեղ ամենահասանելի ձևաչափերով, մեծ թեմատիկ տաղավարներով փոքրերին ու մեծերին կներկայացվեն գիտության նորագույն նվաճումներն ու ձեռքբերումները: Եվ ես ցանկանում եմ, որ դուք օգտագործեք այդ առիթը՝ ևս մեկ անգամ Հայաստան այցելելու և գիտության ու արվեստի այդ տոնին հաղորդակից դառնալու համար։

Անառարկելի է նաև, որ 21-րդ դարում խիստ կարևորվում են կենսաբանության նվաճումները, որոնք նոր զարգացումների, տեխնոլոգիական նոր լուծումների աղբյուր են: Դուք եք Երկիր մոլորակի ապագա տերերը և ձեզանից է կախված մարդկության ապագան: Որպես երիտասարդ կենսաբաններ, որպես կյանքի մասին գիտությանը սիրահարված մարդիկ՝ պահե՛ք, պահպանե՛ք մեր մոլորակը, խնամե՛ք ու զարգացրե՛ք՝ ի շահ մարդկության: Մաղթում եմ ձեզ ազնիվ և արգասաբեր մրցակցություն: Հուսով եմ, որ դուք անմոռանալի տպավորություններ կստանաք մեր երկրում, կվայելեք հայկական ջերմ հյուրընկալությունը: Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադայի սիրելի՛ մասնակիցներ, բարի՛ գալուստ Հայաստան և բարին ընդ ձեզ»:

Նշենք, որ հուլիսի 10-18-ը Հայաստանում անցկացվում է Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադան: Հայաստան են ժամանել 64 երկրների աշակերտական թիմեր` յուրաքանչյուր թիմում 4 մասնակից: Օլիմպիադային մասնակցում են 3 դիտորդ երկրներ, միջազգային ժյուրիի ավելի քան 240 անդամներ, ընդհանուր առմամբ` 500 օտարերկրյա պատվիրակներ:

 

 

«Դուք բոլորդ հաղթողներ եք»․ԿՄՕ ասոցիացիայի նախագահ Րիոչի Մացուդան ողջունել է Կենսաբանության միջազգային օլիմպիադայի մասնակիցներին

«Դուք բոլորդ հաղթողներ եք»․ԿՄՕ ասոցիացիայի նախագահ Րիոչի Մացուդան ողջունել է Կենսաբանության միջազգային օլիմպիադայի մասնակիցներին

Jul 26, 2022 407

 

«Սա Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադան է, և մենք հպարտ ենք՝ տեսնելով ողջ աշխարհից այսքան շատ մասնակիցների: Հատուկ ցանկանում եմ ողջունել բոլոր օլիմպիականներին:

Շնորհավորում եմ բոլորիդ ձեր երկրներում Կենսաբանության օլիմպիադայի հաղթող ճանաչվելու կապակցությամբ:

Այս առումով կարող եմ ասել` դուք բոլորդ հաղթողներ եք:

Կենսաբանության բնագավառում ձեր ակնառու ձեռքբերումները կճանաչվեն և կպարգևատրվեն այսօր և այս շաբաթվա ընթացքում՝ այս միջոցառմանը ձեր մասնակցության արդյունքներով»,- Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցած օլիմպիադայի բացման արարողության ժամանակ ողջույնի խոսքում նշել է «Կենսաբանության միջազգային օլիմպիադայի ասոցիացիայի» նախագահ Րիոչի Մացուդան։

Նա ասոցիացիայի անունից երախտագիտություն է հայտնել Հայաստանի կառավարությանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը և Երևանի պետական համալսարանին՝ 2022 թ. Կենսաբանության միջազգային օլիմպիադայի (ԿՄՕ 2022) անցկացման հարցում բարեհաճ աջակցության ցուցաբերելու համար։

Րիոչի Մացուդան արձանագրել է, որ անցած երկու տարիներին կորոնավիրուսային համավարակը թույլ չտվեց իրական միջավայրում անցկացնել Կենսաբանության միջազգային օլիմպիադան:

«Այդ իմաստով շատ շնորհակալ ենք, որ այժմ իրական միջավայրում անցկացնում ենք «Կենսաբանության միջազգային օլիմպիադա 2022»-ը Հայաստանի Հանրապետությունում՝ Երևանում: Այս տարի, սակայն, միայն մաթեմատիկայի և կենսաբանության միջազգային օլիմպիադաներն են անցկացվել դեմ առ դեմ ձևաչափով: Ֆիզիկայի և քիմիայի միջազգային օլիմպիադաներն անց են կացվում հեռավար ձևաչափով»,- նշել է նա՝ շեշտելով, որ կորոնավիրուսային համավարկը դեռ ավարտված չէ։

«ԿՄՕ-ն արձանագրում է, որ ապագա գիտնականների հետ կապեր ձևավորելու համար իրական միջավայր է անհրաժեշտ»,- ասել է Րիոչի Մացուդան և խորհուրդ տվել՝ կրել դիմակներ և ուշադրություն դարձնել, որ վիրուսը չտարածվի։

«Դիմակը պաշտպանում է ոչ միայն Ձեզ, այլև դիմացիններին»,- նշել է նա:

Նրա խոսքով, բացի կորոնավիրուսային համավարակից, մենք առերեսվում եք մարդու կայուն կենսագործունեությունը վտանգող այլ խնդիրների ևս:

«Բնակչության թվի և մարդկային գործունեության ձևերի արագ աճի, գլոբալ տաքացման պայմաններում ողջ աշխարհում զգալի խնդիրներ են դարձել օդի, խմելու ջրի, ծովերի ջրերի աղտոտվածությունը, պլաստիկ թափոններն ու դրանց ջարդոնները:

Գլոբալ տաքացման պայմաններում սառցադաշտերը սկսել են հալվել: Հինավուրց և անհայտ վարակիչ հիվանդությունների վերադարձի պարագայում, որոնց նկատմամբ մենք դեռևս չունենք բավարար իմունիտետ, հնարավոր է նոր վարակիչ հիվանդությունների բռնկում:

Ավելին՝ մենք առերեսվում ենք պարենային պակասի և թերսնուցման խնդիրների: Այդ ամենի հետևանքով մարդ տեսակն իսկապես վտանգված է»,- հայտարարել է «Կենսաբանության միջազգային օլիմպիադայի ասոցիացիայի» նախագահ Րիոչի Մացուդան՝ նշելով, որ նման պայմաններում կենսաբանությունն առավել է կարևորվում, քանի որ կենսաբանությունը և կենսաբանական գիտությունները ռազմավարական գործիքներ են դարձել այս խնդիրների դեմ պայքարի և հաղթահարման գործում:

Նրա խոսքով՝ այսօր շատ երկրներ երիտասարդներին խրախուսում են ուսումնասիրել կենսաբանություն և բնագիտություն:

«Մենք պետք է հասկանանք, որ մեր իրական թշնամին նոր ի հայտ եկող հարուցիչներն են, ինչպիսիք են նոր տեսակի կորոնավիրուսը և կապիկի ծաղկի վիրուսը, դեղակայուն բակտերիան, բնապահպանական հարցերը, ինչպիսին գլոբալ տաքացումն է:

Եկե՛ք այս երեք իրական թշնամիների դեմ պայքարենք կենսաբանության միջոցով: Որպես կենսաբաններ՝ լինե՛նք միասնական:

Վայելե՛ք այս դժվար և հետաքրքիր գործնական ու տեսական աշխատանքները, էքսկուրսիաները և այլ հետաքրքիր աշխատանքներն ու կյանքի ընկերներ ձեռք բերեք 2022 թ. Կենսաբանության միջազգային օլիմպիադայում, այստեղ՝ Երևանում և Հայաստանի Հանրապետությունում»,- իր խոսքն ամփոփել է «Կենսաբանության միջազգային օլիմպիադայի ասոցիացիայի» նախագահ Րիոչի Մացուդան։

Նշենք, որ հուլիսի 10-18-ը Հայաստանում անցկացվում է Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադան: Հայաստան են ժամանել 64 երկրների աշակերտական թիմեր` յուրաքանչյուր թիմում 4 մասնակից: Օլիմպիադային մասնակցում են 3 դիտորդ երկրներ, միջազգային ժյուրիի ավելի քան 240 անդամներ, ընդհանուր առմամբ` 500 օտարերկրյա պատվիրակներ:

 

 

Արայիկ Հարությունյանը մասնակցել է Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադայի բացման արարողությանը

Արայիկ Հարությունյանը մասնակցել է Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադայի բացման արարողությանը

Jul 26, 2022 502

 

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մասնակցել է Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադայի բացման արարողությանը: Միջոցառմանը մասնակցել են աշխարհի շուրջ 70 երկրից ժամանած թիմեր, պատվիրակություններ, հյուրեր: Վարչապետի աշխատակազմի ղեկավարը միջոցառմանը հանդես է եկել ողջույնի խոսքով, որում, մասնավորապես, նշել է.

«Կառավարության հարգելի անդամներ,
Ազգային ժողովի հարգելի պատգամավորներ,
Կենսաբանության միջազգային կազմկոմիտեի հարգելի նախագահ,
Հարգելի ներկաներ, հյուրեր, Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադայի սիրելի մասնակիցներ,

Շնորհավորում եմ բոլորիս կենսաբանության միջազգային օլիմպիադայի բացման առիթով, որը կայանում է Հայաստանի Հանրապետությունում:

Այս կարևոր միջոցառումը Հայաստանում հյուրընկալելու պատիվն ընձեռվել է դեռևս 2018 թվականին Թեհրանում կայացած օլիմպիադայի ընթացքում՝ Կենսաբանության միջազգային օլիմպիադայի ասոցիացիայի որոշմամբ: Մենք ստանձնել ենք այս պատասխանատվությունը մեծագույն պատրաստակամությամբ ու նախաձեռնությամբ:

Իբրև այն ժամանակ կրթության և գիտության նախարար՝ պատիվ եմ ունեցել ստորագրել օլիմպիադայի անցկացման հուշագիրը և ուրախ եմ, որ մենք եղել ենք հետևողական՝ չնայած վերջին տարիների բոլոր խնդիրներին և մարտահրավերներին, և այսօր կենսաբանության միջազգային օլիմպիադան արդեն իսկ իրողություն է դառնում մեր երկրում:

Կրթության և գիտության ոլորտները Հայաստանի Հանրապետության կայուն զարգացման անկյունաքարային ոլորտներից են, և կառավարությունը հանձնառու է՝ ապահովել այս ոլորտների շեշտակի և որակական զարգացումը: Հատկապես բնագիտության զարգացումը հնարավորություն է ընձեռելու դիմակայելու ժամանակի մարտահրավերներին: Համոզված ենք, որ զարգացած մարդկային ռեսուրսն է ապահովելու ինչպես կրթական համակարգի, այնպես էլ բարձր տեխնոլոգիական և ռազմավարական նշանակության ոլորտների զարգացումն ամբողջ աշխարհում:

Կայուն զարգացման և համընդհանուր բարեկեցության հնարավոր է հասնել միայն գիտության շնորհիվ: Վստահ եմ, որ այսօր օլիմպիադային մասնակից շատ երիտասարդներ իրենց ճանապարհն են ընտրելու գիտության ասպարեզում և իրենց ներդրումն են բերելու համաշխարհային զարգացման գործընթացում:

Կենսաբանության միջազգային օլիմպիադայի անցկացումը հավաստումն է Հայաստանում գիտության և կրթության ոլորտի կարևորության և առաջնահերթության: Իսկ կենսաբանությունը, որպես առանձին ճյուղ, առավել քան առանցքային է. այն բժշկության հիմքն է, որտեղ հայ մասնագետները հայտնի են իրենց՝ համաշխարհային մակարդակի ներդրմամբ:

Վստահ եմ, որ ապագայում դեռ բազում առիթներ ենք ունենալու բարձրաձայնելու այսօրվա մասնակիցների անունները և հպարտանալու նրանցով:

Օլիմպիադայի կազմակերպիչներին, աջակիցներին, հյուրերին և հատկապես մասնակիցներին մաղթում եմ հաջող ընթացք, առողջ և արդար մրցակցություն, և Հայաստանը վայելելու գեղեցիկ օրեր»: